Рубрика: Без рубрики, Պատմություն 2017-2018

Արեգակնային համակարգ

Image result for Արևի համակարգը

Նախագծային աշխատանք պատմությունից

Արևի համակարգը

Արեգակը և նրա շուրջը պտտվող երկնային մարմինները միասին կազմում են Արեգակնային համակարգը: Այն ընտանիք է՝ բաղկացած 10 մոլորակներից, որոնց մեծ մասն ունի առնվազն 1 արբանյակ: Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ՝ աստղակերպներ կամ փոքր մոլորակներ և գիսավորներ:
Արեգակն աստղ է: Չափերով այն բազմաթիվ անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի մյուս երկնային մարմիններին: 10 մոլորակներն են Մերկուրին, Վեներան, Երկիրը, Մարսը, Յուպիտերը, Սատուռնը, Ուրանը, Նեպտունը, Պլուտոնը և 10-րդը: Մոլորակներն աստղերից տարբերվում են նախ և առաջ նրանով, որ չունեն սեփական լույս, բայց լուսարձակում են, որովհետև անդրադարձնում են Արեգակի լույսը:

Մոլորակներ

Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները: Յուպիտերն ու Սատուռնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: Ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը: Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի այդ հսկան, պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր:
Որոշ մոլորակներ շրջապատված են օղակների համակարգով: Օրինակ՝ Սատուռնն ունի գեղեցիկ, գունավոր օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, փոշու մասնիկներից: Ուրանն ունի 10 շատ նեղ օղակներ: Դրանք հայտնաբերվել են միայն 1977 թ-ին, երբ այդ մոլորակն անցավ աստղերից մեկի առջևով, և մի կարճ ժամանակ նրա օղակները փակեցին այդ աստղից եկող լույսը:

Արբանյակներ

Արեգակնային համակարգի մոլորակներից 7-ն ունեն իրենց շուրջը պտտվող «լուսիններ»՝ բնական արբանյակներ: Արեգակնային համակարգի մոլորակների ներկայումս հայտնի արբանյակների թիվն անցնում է 60-ից: Դրանցից զանգվածով ամենամեծերը Յուպիտերի 4 մեծ արբանյակներն են, Տիտանը՝ Սատուռնի արբանյակներից մեկը, և Լուսինը: Յուպիտերի 4 արբանյակները՝ Իոն, Եվրոպան, Հանիմեդը և Կալիստոն, հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը: Մեկ մեծ արբանյակ էլ՝ Տրիտոնը, պտտվում է Նեպտունի շուրջը: Մարսն ունի 2 փոքր արբանյակներ՝ Ֆոբոսն ու Դեյմոսը:

Արեգակնային համակարգի առաջացումը 

Աստղագետների մեծ մասի կարծիքով՝ Արեգակնային համակարգն սկսել է ձևավորվել մոտ 5 մլրդ տարի առաջ, երբ սեփական ձգողության ազդեցությամբ գազի և փոշու վիթխարի ամպն սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ դանդաղ պտտվել է իր առանցքի շուրջը, սակայն, սեղմմանը զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել, մինչև առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված կենտրոնական գունդ: Շարունակվող ինքնասեղմման արդյունքում կենտրոնական գունդն ավելի ու ավելի է տաքացել և, ի վերջո, այն բռնկվել է և  աստղի նման սկսել է լուսարձակել ու վերածվել է Արեգակի:
Նույն կերպ են առաջացել նաև մոլորակները. նրանց կենտրոնական գունդը շրջապատող գազի ու փոշու շերտերում փոշու մանրիկ մասնիկները, իրար բախվելով, սկսել են կպչել միմյանց՝ առաջացնելով քարե, սառցե կամ գազային մարմիններ: Ձգողության ուժի ազդեցությամբ այդ մոլորակների մի մասի միջուկները նախապես հալվել, միավորվել, ապա աստիճանական սառեցմամբ պատվել են հաստ կեղևով: Իսկ նրանցից անջատված գազերի հաշվին ձևավորվել է գազային մթնոլորտը: Մոլորակների մյուս խումբը հսկայական գազային զանգվածներ են: Իսկ Պլուտոնը դարձյալ պինդ երկնային մարմին է` չափերով մեծությամբ գրեթե համաչափելի իր Քարոն արբանյակի հետ: 
Իսկ բազմաթիվ մեծաբեկորներ, անջատվելով մնացած նյութից, բախվել են նոր առաջացած մոլորակներին կամ արբանյակներին, քայքայել են դրանց մակերևույթները և առաջացրել բազմաթիվ խառնարաններ: Տիեզերքում մնացած մյուս մեծաբեկորները աստղակերպներն ու գիսավորներն են, որոնք մենք դիտում ենք նաև մեր ժամանակներում:
                      Էրիդա  

Оставьте комментарий